Հույն օրենսդիրները վավերացրել են Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ նոր պաշտպանական համաձայնագիրը, որը թույլ կտա նրանց արտաքին սպառնալիքի դեպքում օգնության հասնել միմյանց, հայտնել է Reuters-ը:

ՆԱՏՕ-ում դաշնակիցներ Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրվել է ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, որը ներառում է մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ երեք ֆրանսիական ֆրեգատների պատվեր: Աթենքն այս տարի արդեն պատվիրել է մոտ 24 «Dassault Rafale» կործանիչ:

Խորհրդարանը հաստատել է համաձայնագիրը 191 կողմ, 109 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձախ ընդդիմադիր «Syriza» կուսակցությունը դեմ է քվեարկել համաձայնագրին:

«Առաջին անգամ հստակ նշվեց, որ երրորդ երկրի հարձակման դեպքում ռազմական օգնություն կտրամադրվի», — քվեարկությունից առաջ պատգամավորներին ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Եվ մենք բոլորս գիտենք, թե ով ում է սպառնում Միջերկրական ծովում», — հավելել է նա՝ նկատի ունենալով Թուրքիային:

ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցները պետք է աջակցեն ագրեսիայից տուժած անդամ պետությանը, սակայն Աթենքի եւ Անկարայի միջեւ տասնամյակների լարվածությունը սրվում է այն պատճառով, որ Թուրքիան նաեւ Ատլանտյան դաշինքի անդամ է: