Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին:

Նպատակը «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելն է, որը միտված է Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը:

Որոշմ ան հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ» կետից։ Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: