«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կայացավ հանդիպում կինոռեժիսոր Ռոման Բալայանի և կինոքննադատ Արմեն Մեդվեդևի հետ։

«Այս տարվա փառատոնի մասին չեմ կարող ասել, որ սա նույն այն «Ոսկե ծիրանն» է, որին մասնակցել եմ տարիներ շարունակ։ Իմ կարծիքով՝ չի համապատասխանում նախկին տարիներին անցկացվող փառատոնների մակարդակին։ Թե ծրագրի, թե հյուրերի և անգամ հյուրանոցի առումով։ Խնդիրն այն չէ, բարձրակարգ հյուրանոց է, թե ոչ։ Նախկինում մենք հյուրընկալվում էինք «Գրանդ հոթել Երևան»-ում և երբ շքամուտքից սրահ էինք մտնում, արդեն իսկ առանձնակի տրամադրություն էր առաջանում, ստեղծագործ մթնոլորտի էր տրամադրում։ Պետությունը բավարար գումար էր հատկացնում, հովանավորներ կային, հետաքրքրություն կար։ Ֆիլմեր էին բերում, որ կինովարձույթում դեռ չկային։ Ցավում եմ, որ  նախարարությունն այս տարի բավարար գումար չի նախատեսել փառատոնի անցկացման համար»,-ասաց Ռոման Բալայանը։

Կինոռեժիսորը զարմանքով նշեց նաև, որ ռուսական արտադրության ֆիլմեր չկան։

«Ռուսական տասնյակ լավ ֆիլմեր են նկարահանվել, հեղինակային ֆիլմեր։ Սա ասում եմ ես, Ուկրաինայի քաղաքացիս, ով կոնֆլիկտ ունի Ռուսաստանի հետ Դոնբասի և Ղրիմի խնդիրների շուրջ»։

Արմեն Մեդվեդևի խոսքով, այս փառատոնի ծրագրում կան հետաքրքիր ֆիլմեր, սակայն, ընդհանուր առմամբ, երևի ժամանակներն են այդպիսին, երբ մշակույթին հանդեպ ուշադրությունը նվազել է։ Եվ սա, անշուշտ, ազդում է փառատոնի անցկացման մակարդակի և ցուցադրվող ֆիլմերի որակի վրա։

Ռոման Բալայանը հարցին, թե  չի՞ ցանկանում ֆիլմ նկարահանել Հայաստանում, պատասխանեց՝ ոչ։

«Կար ժամանակ, որ ցանկություն ունեի ֆիլմ նկարահանել ըստ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի։ Արցախում էի ցանկանում նկարել, տեղի դիալեկտով։ Չհամաձայնեցին։ Եթե «Գոմեշ»-ով սկսեի իմ գործունեությունը, կարծում եմ ավելի հետաքրքիր ռեժիսոր կլինեի, անգամ ինքս ինձ համար,- կես կատակ ասաց կինոռեժիսորը և հավելեց,- Չեմ գրում, չեմ կարդում հայերեն, բայց որտեղ էլ ապրեմ,  ինձ հայ եմ զգում։ Ուկրաինան իմ երկրորդ հայրենիքն է։ Ես կարող եմ քննադատական խոսք ասել, բայց եթե այդ երկրում եմ գտնվում։ Երկրից դուրս, թե մեկը վատ արտահայտվի, տեղը կնստացնեմ։ Նույնը Հայաստանին է վերաբերում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ասեմ, որ շատ եմ սիրում ռուսական «авось»-ը, մշակույթը, բայց իշխանություններին ու Պուտինին վերջին բառերը կարող եմ ասել։ ԽՍՀՄ-ի նախկին երկրների դժբախտությունները նույն,նույն տեղից են»։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է երկխոսություն Ադրբեջանի հետ, պարոն Բալայանը պատասխանեց․ «Ծնունդով ղարաբաղցի եմ և ցավով պետք է նշեմ, որ  չեմ կիսում տեսակետը, թե երկխոսությունը որևէ բան կհարթի։ Հայերը մի ելք ունեն, հորինել ֆանտաստիկ մի բան, որ միայն Հայաստանում լինի, ու երբ դա աշխարհին է պետք, այդ դեպքում թշնամի, թե բարեկամ ինքները կգան»։

Հայ ժողովուրդը արարող ժողովուրդ է, կարող է դա անել,- շարունակում է նա։

«Շնորհալի երեխաներին պետք է հատուկ հնարավորություններ ընձեռել։ Պետք է միայն կառավարողները դա հասկանան։  Սերժին էլ, Քոչարյանին էլ այդ մասին ասել եմ։ Նորին միայն չեմ հասցրել ասել։ Ի դեպ, իշխանավորներին էլ կարելի է մարդկայնացնել։ Օրինակ՝ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինձ Սերժ Ազատիչի կողքին էին նստեցնում։ Անեկդոտ էի պատմում, ծիծաղում էր։ Հետո էլ ասում եմ, մի բան էլ դուք պատմեք՝ պատմում էր»։

Մանրամաները՝ տեսանյութում