Կառավարությունն այսօր, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու և կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցին, գրում է 168․am-ը:

Ըստ այդմ՝ գործադիրը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա 17միլիոն 137.000 դրամ կհատկացնի «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ին՝ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային փուլի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Նկատենք՝ նախագծի ամփոփաթերթում կա ուշագրավ դիտողություն, ըստ որի նախատեսվող հատկացումները չեն կարող տրամադրվել որպես դրամաշնորհ, ինչով պայմանավորված՝ առաջարկվում է քննարկել հիշյալ ծառայությունները՝ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան մրցակցային ընթացակարգով ձեռք բերելու հնարավորության հարցը:

Այս դիտողությունը, սակայն, չի ընդունվել կառավարության կողմից՝ հետևյալ ձևակերպմամբ. «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը և հիմք ընդունելով, որ միջոցառումն իրականանալու է 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը և գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան մրցակցային կամ առանց մրցույթ որևէ ընթացակարգերով միջոցառումը կազմակերպել ժամկետային առումով հնարավոր չէ, ուստի նպատակահարմար է որպես դրամաշնորհ տրամադրել 17137.2 հազար դրամ՝ միջոցառման կատարող սահմանելով «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ին»:

Իսկ թե ո՞վ է Գևորգ Աղաբալյանը և ինչո՞ւ է հենց նրան վստահվել այս դրամաշնորհը՝ հարցադրումների պատասխանը պետք է փնտրել «հետհեղափոխական» Հայաստանում՝ լրատվական հրապարակումներում:

Այսպիսով` Գևորգ Աղաբալյանի EX production կազմակերպությունը դեռ 2019 թվականին Քաղաքացու օրվա մարզային տոնակատարությունները կազմակերպած ընկերությունների թվում է եղել, և ըստ հրապարակումների՝ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար նրան կրկին տրամադրվել էր ավելի քան 17 մլն դրամ:

Նշվում է նաև, որ Գևորգ Աղաբալյանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընկերն է, և, որ Աղաջանյանը ջանք չի խնայել, որպեսզի Գևորգ Աղաբալյանին դարձնի Մարզահամերգային համալիրի տնօրեն:

Եվ վերջապես, Գևորգ Աղաբալյանը «թավշյա հեղափոխության» օրերին տեխնիկական լուրջ աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին: