«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն առաջին անգամ է լսում, ոչ Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջեւան թռիչք է իրականացվել։

Նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ առնչությամբ որեւէ ինֆորմացիա չունի, ու ինքը սկսեց հարցեր ուղղել. «Ես տեղյակ չեմ։ Այսինքն՝ թռի՞չք է կատարել։ Զվարթնոցում է վայրէջք կատարե՞լ։ Ես, ցավոք, չեմ կարող հստակ ձեւով արձագանքել»։

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան երթուղով թռիչք: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմը դադարել է օգտվել  Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։

Անդրադառնալով Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստվելու վերաբերյալ այն հայտարարությանը, թե կեղծ պատվաստումներ իրականացնողները պետք է կալանավորվեն, Աղազարյանն ասաց.

«Իհարկե պետք է պատժվեն նրանք, որոնք կեղծ փաստաթղթեր կներկայացնեն։ Պատկերացնո՞ւմ եք, ներկայացնում եք կեղծ փաստաթուղթ եւ ինչ-որ ժամանակ հետո հիվանդանոց եք գնում ու գիտակցությունն էլ կորցրած վիճակում, իրենք էլ ինֆորմացիա ունեն, թե դուք պատվաստվել եք։ Պատկերացնում եք՝ ինչ սխալ բուժում է լինելու»։

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պետական կառավարման համակարգում աշխատողները պարտադիր պետք է պատվաստված լինեն, պատգամավորն ասաց. «Չեմ կարծում, որ դա մարդու իրավունքներն է խախտում։ Պետական ապարատում աշխատողները, առավել եւս պաշտոնյաները, պարտավոր են իրենց ապրելով, իրենց առօրյա գործունեությամբ վստահություն ներշնչել շարքային քաղաքացու մոտ՝ դեպի պետությունը»։