Քննարկվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3 + 3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս համատեքստում մենք այսօր քննարկեցինք «3 + 3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը. երեք անդրկովկասյան երկրներ և նրանց երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», — ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրա Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, Իրանը նույնպես դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ։
«Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնական շահը՝ ստեղծել այս տարածաշրջանի զարգացման խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմ, այս տարածաշրջանի արագացված զարգացում, որն այստեղ առկա հակամարտությունների պատճառով երկար ժամանակ կանգնեցվել էր», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: