ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ կայացած ասուլիսի հանրային արձագանքներին:

«Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ասուլիսը լայն քննարկման առարկա է դարձել։

Արձագանքների ամփոփ պատկերը մոտավորապես ունի այս տեսքը.

Ռ. Քոչարյանի ասուլիսի  հիմնական հետևությունն այն է, որ այն չի կարող անհետևանք մնալ։  Հարցադրումները, որոնք հնչեցին, ստացել են լեգիտիմ գոյության իրավունք։ Այդ հարցադրումները մտել են  ինքնուրույն, ավտոնոմ կյանք։ Իշխանությունն այլևս չունի և չի ունենալու շանս խուսափելու այս հարցերից։ Հուսալ, որ ժամանակի ընթացքում այս հարցերը կմեղմվեն կամ կմոռացվեն, անլուրջ է։

Ռ. Քոչարյանի ասուլիսը փակեց նաև ԱԺ-ում, իշխանության սցենարով, քննիչ հանձնաժողովի գաղափարը։ Ձևակերպված հարցերի լայն շրջանակը՝ նախապատերազմյան, բուն պատերազմի օրերի և հետպատերազմյան փուլերին վերաբերող, այլևս լայն հանրության քննության թեման է։ Կաբինետային հանձնաժողովի փոխարեն պետք է լինի հանրային պրոցես։ Այդ հարցերը հասարակության սեփականությունն են, և ոչ երբեք՝ ԱԺ մի խումբ հանձնաժողովականների, առավել ևս՝ որ նրանց մեծ մասը ՔՊ-ական են։ Պետք է խնդիր դնել, որ հասարակությունը տեր կանգնի իր հարցերին։ Եվ պրոցեսը կարծես թե այդ ճանապարհին է։

Ռ. Քոչարյանի ասուլիսի մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ փորձ արեց հասարակությանը դրդել մտածել  դժվար հարցերի շուրջ, ձևակերպել նոր հարցեր։ Մենք չեն կարող անընդհատ փախչել բարդ հարցերի բարձրացումից. Ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս հարցերից խուսափել մենք չենք կարող։

Ռ. Քոչարյանի ասուլիսի վիճահարույց  կողմը՝ սոցիալական խնդիրներին չանդրադառնալն էր՝ տնտեսություն, բյուջե, թոշակներ, համավարակ, պատվաստումներ և այլն։ Հետադարձ կապով մարդիկ անում են նման հարցադրում։ Իհարկե, կա բացատրություն, որ սա թեմատիկ ասուլիս էր՝ պատերազմին և անվտանգությանը վերաբերող, բայց մյուս կողմից եթե կա նման հարցադրում, իսկ այն իսկապես կա, ապա  պետք է  նկատի ունենալ, որ հավաքվող մեծ լսարանը ունի իր օրակարգը և  սոցիալական թեմանները կարևոր են»,- գրել է Վարդանյանը։