Վիեննայում մասնակցեցի ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից կազմակերպված` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել եմ ես և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանական կողմից ներկա էին երեք պատգամավորներ և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ: Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Քննարկումն անցավ «Չաթմ Հաուս (Chatham House)» կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չեմ կարող: Սակայն կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին։

Արտաքին աշխարհում մեր ազգային պետական շահերից բխող մոտեցումները հնարավոր է և անհրաժեշտ է պաշտպանել։ Անկախ ներկայիս ռազմական ուժերի դասավորությունից՝ մեր դիվանագիտական, վերլուծական, մտավոր ներուժը մրցունակ է և մարտունակ։ Մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներն օգտագործել և օգտագործելու ենք մեր շահերն առաջ մղելու համար: Շատ գործ ունենք անելու և անելու ենք»: