Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ կառավարության՝ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու հարցին։

«2000-ական թվականներից ի վեր առաջին անգամ ՀՀ կառավարությունը, ըստ այդմ՝ ՀՀ ժողովուրդը «Զանգեզուրի» պղնձամոլիբտենային կոմբինատի համասեփականատեր է։ Եվ սա կայացած փաստ է։ Եվ ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի ու կառավարության այդ փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերով, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը։ Երբ որ հայտարարվեց, որ կառավարությունը դառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, հնչեցին կարծիքներ, թե այստեղ կա մութ և կասկածելի գործարք։

Այ եթե այս 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ լիներ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ ասենք վարչապետի կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այդ դեպքում կլիներ մութ գործարք։

Ուզում եմ ասել, որ այս դահլիճում նստող մարդիկ կան, որոնք իրենք գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են։ Եվ կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդպիսի գործարքներով՝ պարզելու համար դրանց պատճառահետևանքային կապը, այդ թվում՝ պոտենցիալ դավաճանական գործարքների հետ»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով «Գեոպրոմայնինգ» ընկերության ներդրումային ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ընկերության սեփականատերերից մեկի կողմից ՀՀ-ին արվել է առաջարկ։ «Մենք այդ առաջարկը քննարկել ենք և տեսել ենք, որ համապատասխանում է ՀՀ շահերին՝ տնտեսական և պետական, որովհետև ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ։ Առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ ՀՀ-ն այլևս ոչ թե խտանույթ պիտի արտահանի, այլ ՀՀ-ում պետք է թողարկվի պղինձ։ Երկրորդ, այս ծրագրի մասն է նոր ատոմակայանի կառուցումը։ Եվ այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնման մասով ներդրումային պարտավորություններ և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Ատոմակայանը լիարժեք մասնավոր կառույց չի կարող լինել, և կառավարությունն ակտիվ մասնակցություն պետք է ունենա։ Եվ այնպես է ստացվել, որ մեր հետաքրքրությունները համընկել են», ասաց նա։