Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում վերջին 70 տարիների ընթացքում սեռական ոտնձգության զոհ է դարձել 330.000 երեխա, հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով այդ երեւույթի վերաբերյալ երկրի առաջին խոշոր զեկույցը:

Դրանք ներառում են շուրջ 3000 քահանաների եւ այլ եկեղեցկանների հետ կապված չարաշահումներ, իրավախախտումներ, որոնք կաթոլիկ իշխանությունները կոծկել են տասնամյակներ շարունակ:

Ֆրանսիացի եպիսկոպոսների համաժողովի ղեկավարը ներողություն է խնդրել զոհերից, որոնցից մոտ 80 տոկոսը տղաներ են եղել: Եպիսկոպոսները կհանդիպեն երեքշաբթի՝ քննարկելու հետագա քայլերը:

Անկախ հանձնաժողովը եկեղեցուն կոչ է արել վճռական գործողությունների դիմել «սխալները» եւ «լռությունը» դատապարտելու համար: Նա նաեւ կոչ է արել կաթոլիկ եկեղեցուն օգնել փոխհատուցել տուժածներին:

«Հետեւանքները բավականին լուրջ են», — ասել է հանձնաժողովի ղեկավարը: «Սեռական ոտնձգության ենթարկված տղամարդկանց եւ կանանց մոտ 60 տոկոսը բախվում են լուրջ խնդիրների իրենց էմոցիոնալ կամ սեռական կյանքում: Կարծում ենք, որ եկեղեցին պարտք ունի զոհերի առաջ», — հավելեց նա: