Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից դժվար է ինչ-որ լավ բան սպասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմից այդ, իբր, բանակցողները պետք է գոնե կարողանան բանակցություններն այնպես վարել, որպեսզի պահպանվի Արցախի կարգավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում, քանի որ թշնամին մշտապես փորձում է այդ հարցերը տեղափոխել այլ հարթություններ, ինչը Հայաստանի տեսակետից  դիվանագիտական ինքնասպանություն է։

Շուշիի եւ Հադրութի ապաօկուպացումը, ինչպես նաեւ Արցախի կարգավիճակը պետք է մշտապես պահել օրակարգում»,- նշեց նա։

Պատգամավորը տրամաբանական համարեց, որ Ալիեւը չի ցանկանում իշխանափոխություն Հայաստանում, որովհետեւ այստեղ գտնվում են նրա գործընկերները, իսկ նրա ռազմաշունչ հայտարարություններին Հայաստանում պատասխանում են միայն երկու նախագահները, ընդդիմության մի շարք պատգամավորներ, իսկ մյուսները «տանը չեն»։

«Նոյեմբերի 9-ի համաձայնագրում շատ քիչ են հայամետ կետերը։ Միակ կետը, որը կարելի էր հայամետ անվանել, գերիների վերադարձն էր, այն էլ չիրագործվեց։ Իսկ հիմա հայկական կողմը նորից առաջարկում է ինչ-որ բան մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու դիմաց։ Ականադաշտերի քարտեզները սկզբից եւեթ Նիկոլ Փաշինյանի մոտ էին, վեց ամսվա մեջ մեր հայրենակիցներին խոշտանգել են Բաքվում, իսկ ընտրություններից առաջ որպես նախընտրական քարոզչություն վերադարձրեց մեր հայրենակիցներին։ Պատասխանելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունները հորինված են, կարող եմ նրան ասել, որ դա իսկական մղձավանջ է»,- ավելացրեց Մամիջանյանը։

Նրա համոզմամբ՝  մոլորակի վրա երկու կազմավորում կա, որոնք կարծում են, որ հայկական կողմը ապրիլյան պատերազմում պարտություն է կրել, Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները։

«Պատերազմը կանգնեցվեց Բաքվի խնդրանքով, ինչը չի հերքվել ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի կողմից, որը չհասավ իր նպատակներին»,- ընդգծեց նա։