ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է անշարժ գույքի շուկայի վերլուծություն, որը կատարվել է՝ հիմք ընդունելով 2020թ. ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների վերաբերյալ տվյալները և անշարժ գույքի առաջարկի շուկայից հավաքված տեղեկությունները:

2020թհանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 158.659 իրավունքների պետական գրանցման գործարք:

Բոլոր մարզերում ցուցանիշը նվազել է: Եթե Երևանում 2019 թվականին իրականացվել է 63.931 գործարք, 2020-ին՝ 50.888: Շիրակի մարզում արձանագրվել է մոտ 1000 գործարքի նվազում. 2019-ին կատարվել է 9055 գործարք, 2020 թվականին՝ 8049:

Ընդհանուր առմամբ 2019-ի համեմատ գործարքները նվազել են 27.402-ով:

Ըստ գործարքների տեսակների՝ պատկերն այսպիսին է.

2020 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ավելի շատ վաճառել են իրենց սեփականությունը, քան գույք ձեռք բերել. 2302 վաճառք և 1310 գնված գույք: Գործարքների հիմնական կենտրոնը մայրաքաղաքն է:

Այժմ տեսնենք՝ որ երկրի քաղաքացիների համար է ավելի գրավիչ եղել հայաստանյան անշարժ գույքի շուկան: Առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 767 գործարք է կատարվել: Երկրորդում՝ ԱՄՆ քաղաքացիները (189 գործարք), երրորդ տեղում եվրոպական պետությունների քաղաքացիներն են (110 գործարք): Իրանի քաղաքացիների համար ևս հետաքրքրական է եղել ՀՀ անշարժ գույքի շուկան: Նրանց կողմից կատարվել է 77 գործարք: Այլ պետությունների քաղաքացիների կողմից կատարվել է 98 գործարք: