Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ իրենց իշխանության օրոք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չէր։

«Շուշին «Շուշա» չէր ու մեր հայրենիքում էր, մեր զինվորների պաշտպանության տակ»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ իրենց իշխանության օրորք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

«Երկրի ղեկավարը, Ազգային ժողովի ղեկավարը անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին ինչ-որ մեկից, որ հանկարծ ինչ-որ մեկը չջղայինանա, որ մենք Արցախի տոնին Արցախում ենք»,-ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հիշեցրեց իշխանական պատգամավորների խոսքերը, ովքեր նշել են՝ «իսկ ո՞վ ասաց, որ Շուշին ու Հադրութը պետք  է հետ բերենք», «իսկ ո՞վ ասաց, որ ՄԱԿ-ում պիտի խոսենք Շուշիի ու Հադրութի օկուպացիայի մասին»։

«Այնպես որ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր այն ժամանակ գոռում-գոչում էին Աղդամի վերաբերյալ, այս անգամ, ոնց որ թե, զգալիորեն ավելի լուռ են իրապես մեր հայրենիքի մասին խոսելիս»,-ասաց ընդդիմադիր պատգամավորն, ապա հավելեց. «Մեկ էլ, որ այդպես սիրում եք   օրենքները մեջբերել՝ մենք ժամանակին օրենքներ ենք ընդունել, որ Հայաստանի վարչապետը ընդունում է որոշումներ ի շահ Հայաստանի ու որոշ դեպքերում պարզապես ոչ ադեկվատ դրսևորումներ չի ունենում, այդ օրենքներն էլ պահպանեք»։