«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկ հրավիրած ասուլիսում քողարկված ուղերձ հղեց առ այն, որ խորհրդարանական հայտնի ծեծկռտուքը, որը նախորդ նստաշրջանում տեղի ունեցավ իր ղեկավարած դաշինքի եւ ՔՊ-ական «ուսապարկերի» միջեւ, իր սրտով չէ:

«Խորհրդարանը ռինգի դաշտ չէ, պետք է հասկանալ, որ խորհրդարանը մի վայր է, որտեղ դու որոշակի կանոններով ես աշխատում»,- երեկ ասաց նա` ի պատասխան հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը: «Սրանք մարտեր չեն առանց կանոնների, սա վերջապես խորհրդարան է, եւ մեր կողմնակիցներին պետք է կարողանանք բացատրել, որ որոշակի շրջանակներ կան, որոնցից ֆրակցիան չի կարողանալու դուրս գալ»։

Ավելին` մենք տեղեկացանք, որ հայտնի ծեծկռտուքից հետո Քոչարյանը թիմակիցների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ մեղմ հանդիմանել է նրանց` ասելով, որ բռունցքների չի կարելի անցնել՝ կա՛մ չպիտի մտնեինք խորհրդարան եւ փողոցում այդ ոճով շարունակեինք պայքարը, իսկ եթե խորհրդարանում ենք, պետք է պահել ժանրի կանոնները։

Հիշեցնենք, որ մինչ խորհրդարան անցնելը քոչարյանականներն ասում էին, որ խորհրդարան են գնում իշխանությունների կյանքը դժոխք դարձնելու, նրանց օրուարեւ չտալու վճռականությամբ։ Բայց 30 հոգին 70-ին` գոնե ֆիզիկապես, չի կարող հաղթել, ուստի շեշտը պետք է դնեն մտքի, խոսքի, գիտելիքների եւ օրենսդրական հմտությունների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում