Լիտվայում բժիշկներն ավելի քան երեք ժամ վիրահատել են մի տղամարդու, որը մեկ ամսում ավելի քան մեկ կիլոգրամ քաշով տարբեր մետաղական իրեր է կուլ տվել:

Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը դիմել է Կլայպեդայի համալսարական հիվանդանոց՝ բողոքելով որովայնի հատվածում սաստիկ ցավերից, բայց միևնույն ժամանակ չասելով, որ վերջին երեսուն օրում մետաղական իրեր է կուլ տվել:

Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդու ստամոքսը լի է  մետաղական իրերով, այդ թվում՝ տասը սանտիմետր երկարությամբ մեխերով, պտուտակներով և շեղբերով:

«Մենք երբեք նման բան չենք տեսել», — լրագրողներին ասել է Կլայպեդայի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ալգիրդաս Սլեպավիչուսը:

Բժիշկներին մտահոգում էր, որ սուր առարկաները կարող են վնասել որովայնը և վտանգել նրա կյանքը, ուստի նրանք հնարավորինս արագ վիրահատվել են հիվանդին: Հատկանշական է, որ վերջինս սկսել էր կուլ տալ մետաղական առարկաները հենց այն ժամանակ, երբ դադարել էր ալկոհոլ օգտագործել: Վիրահատությունից հետո անանուն հիվանդի վիճակը կայուն է, նրան հոգեբանական օգնություն է ցուցաբերվել: