Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, լքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի արտահերթ նիստը:

Հանձնաժողովը պետք է քննարկեր միայն մեկ հարց` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:

Այսպես, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ հիմնվելով Դոնթի բանաձեւի վրա, արդեն 6-րդ անգամ այդ պաշտոնին առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Ղազինյանի թեկնածության քննարկումը հերթական անգամ անցավ փոխադարձ մեղադրանքների ու քննադատությունների մթնոլորտում: Ընդդիմությունը՝ ի նշան բողոքի, 4-րդ անգամ լքեց նիստերի դահլիճը:

«Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական պատերազմ եք վարում»,-հեռացող պատգամավորների հետեւից բղավեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Արդյունքում Ղազինյանը կրկին չընտրվեց։ «Հայաստան»-ը պետք է նոր թեկնածուի առաջադրի։