Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 1700 աշակերտների առջև: Կրթօջախի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։ Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցում, զրուցել աշակերտների հետ, շնորհավորել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

«Ցավոք սրտի և մայրաքաղաքում, և ամբողջ հանրապետությունում, իսկապես դպրոցների շենքերի հետ կապված ոչ այդքան բարվոք իրավիճակ ունենք, բայց մյուս կողմից ուրախացնողն այն է, որ կառավարությունը հստակ իր առջև ծրագիր է դրել, և բավական մեծ թափով դպրոցաշինությամբ ենք զբաղվում: Կառավարության առաջիկա ծրագրում ավելի մեծ թափ կհաղորդվի»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ամենակարևորը մեր երեխաների անվտանգությունն է, իսկ այս դպրոցներն ապահովում են մեր երեխաների անվտանգությունը և, իհարկե, հարմարավետությունը, որպեսզի դասընթացները լինեն հարմարավետ և երեխաները կարողանան ավելի լավ արդյունք ցույց տալ: Չենք մոռանում էներգախնայողության մասին, որի արդյունքում գումարներ են տնտեսվում, որոնք նույնպես ուղղվում են դպրոցների կարիքներին: Սրանք այն երեք բաղադրիչներն են, որոնք ապահովում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դպրոցը հիմնանորոգվել է 2016-2021 թվականներին՝ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։