Բելգիայում Եգիպտոսի դեսպան Հալեդ ալ-Բաքալին բելգիական կառավարությունից ստացել է երկու արտեֆակտ, որոնք ապօրինաբար դուրս էին բերվել երկրից, տեղեկացնում է Arab News-ը։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արտեֆակտներից մեկը կանգնած մարդու կրաքարե արձանիկ է Հնագույն թագավորության ժամանակաշրջանից, իսկ երկրորդը ուշեբտիի («պատասխանողի») թաղման արձանիկ է կավից։ Այն պատկանում է հնագույն եգիպտական քաղաքակրթության ուշ դարաշրջանին։

Առարկաները տեղ են հասցվել եւ հանձնվել հանդիսավոր արարողությամբ, որը կազմակերպել էր Բելգիայի էկոնոմիկայի նախարարությունը։

Ալ-Բաքալին նշել է, որ Եգիպտոսը եւ Բելգիան կարեւոր քայլ են արել միմյանց ընդառաջ։ Այն նպաստում է այդ երկրների միջեւ հետագա համագործակցությանը տարբեր ոլորտներում, հատկապես մաքսանենգների կողմից երկրից դուրս տարված եգիպտական հնագույն առարկաների վերադարձման հարցում։

Դեսպանը նաեւ Բելգիայի բնակիչներին հրավիրել է այցելել զբոսաշրջային վայրեր Եգիպտոսում եւ ավելի մոտիկից ծանոթանալ այդ հնագույն երկրի պատմությանը։

Եգիպտոսի Հնությունների վարչության գլխավոր տեսուչ Շաաբան Աբդել-Գավադի խոսքով՝ Եգիպտոսը 2016 թվականից աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի արձանիկները վերադարձվեն հայրենիք, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ բելգիական իշխանությունները դրանք ձեռք են բերել աճուրդներում։ Մասնագետների հետաքննությունը ցույց է տվել, որ արտեֆակտների համար փաստաթղթեր չկային։