Հիմնովին վերակառուցումից հետո Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցն այսօր պաշտոնապես կբացվի: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։

Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ., սակայն վերջին տարիներին այն խիստ վտանգավոր էր դարձել, քանի որ ցանկացած երկրաշարժ կամ ցնցում կարող էր ճակատագրական լինել: Այդ հանգամանքը հաշվի առնելով` որոշվեց հիմնովին քանդել հին շենքը և կառուցել նորը։ Վերակառուցված ժամանակակից և 9 բալ երկրաշարժի նկատմամբ սեյսմակայուն դպրոցն այսօր արդեն ունի 1701 աշակերտ, որոնք կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։

Դպրոցի հիմնանորոգումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ շուրջ 2 մլրդ 190 մլն ՀՀ դրամ ներդրման արդյունքում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով: Կառուցումից հետո օրակարգային է դարձել կրթօջախի կահավորման խնդիրը, որի համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 43 մլն 230 հազար ՀՀ դրամ»։