Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նպատակով Մոսկվա ժամանելուց հետո, ասել է, որ կողմերը համակարգելու են իրենց դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», — լրագրողներին ասել է Աբդուլլահիանը Մոսկվա ժամանելուն պես:

Բացի այդ, նա հավելել է.«Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»:

Աբդոլլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի միմյանց հասցեին հնչող մի շարք քննադատական հայտարարությունների և Ադրբեջանի սահմանի մոտ Իրանի զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին:

Թեհրանը զորավարժությունները պատճառաբանում է Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությամբ: Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարում է Արցախ իրանական բեռնատարների «անօրինական» մուտքի մասին:

Լավրովի հետ Աբդոլլահիանի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին: