16-ամյա ֆիննուհի Նելլա Սալմինենը հոկտեմբերի 6-ին մեկ օր կլինի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի գործընկերը, կմասնակցի մի շարք կարեւոր հանդիպումների եւ հանդես կգա ելույթով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆինլանդիայի առաջնորդի գրասենյակը:

«Տասնվեցամյա Նելլա Սալմինենը հոկտեմբերի 6-ին կհամագործակցի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ Plan International կազմակերպության կողմից անցկացվող Girls Takeover արշավի շրջանակներում, որը պաշտպանում է երեխաների իրավունքները: Այս տարվա արշավը նպատակ ունի բարձրացնել իրավահավասարության վրա տեղեկատվության ազդեցության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրվա ընթացքում Նիինիստյոն եւ Սալմինենը կմասնակցեն Reuters IMPACT վիրտուալ կոնֆերանսին, որտեղ կքննարկեն «կլիմայական գործողությունները եւ պատասխանատվությունը գալիք սերունդների առջեւ»: Նրանք կհանդիպեն նաեւ Կանանց ասոցիացիաների կենտրոնական միության ղեկավար Եվա Բիոդեի հետ:

Բացի այդ, նախատեսված է Սալմինենի հանդիպումը նախագահի կնոջ` Յենի Հաուկիոյի եւ նախագահական կաբինետի անդամների հետ: Նա նաեւ հավասարությանը նվիրված ելույթ կունենա:

Girls Takeover արշավը, նշել են գրասենյում, ՄԱԿ-ի` Աղջիկների միջազգային օրվա տոնակատարության մի մասն է, որը նշվում է հոկտեմբերի 11-ին: Արշավը հնարավորություն է տալիս տարբեր երկրների աղջիկներին մեկ օրով զբաղեցնել կարեւոր պաշտոններ եւ իրենց զգալ սոցիալապես ամենակարեւոր հաստատությունների ղեկավարների տեղում: Ֆինլանդիան միջոցառմանը մասնակցում է հինգերորդ անգամ: Նախագահից բացի, այս տարի արշավին կմիանան Yle TV-ն, Sitra նորարարական հիմնադրամը եւ մի շարք այլ կազմակերպություններ: