Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։

 

Օնիկ Առաքելյանն ասաց, որ պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել։

Նա նշեց, որ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Քանի որ անհիմն ու անհասկանալի մեղադրանք է»։

Առաքելյանն ասաց, որ Գալստյանը ցուցմունք չի տվել. «Ինչ ասի այդ հեքիաթների դեմ»։

Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմքով է կալանավորելու մասին որոշել կայացրել, պաշտպանը պատասխանեց. «Հնարավոր է՝ խոչընդոտի. հեղինակություն ունեցող անձ է, այսինքն՝ պետք է լիներ անհեղինակություն, որ չկալանավորվեր։ Վատ է, որ հեղինակավոր անձ է»։

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն  ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։