ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից,  պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Քրեական գործի հետագա նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ-ն գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ նկատի ունենալով, որ դատախազական հոսկողության տիրույթում իր լիզորություններն իրականացնելիս հայտնաբերվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին տվյալներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի նյութերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ Լոռու մարզի դատախազի կողմից ուղարկվել են Լոռւ մարզային քննչական վարչություն։