Եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման տարիներին իր օրակարգում չուներ որևէ միավորման մեջ լինելու կամ միութենական պետություն ստեղծելու հարց, ապա այսօր, նա դժվարանում է պատասխանել այդ հարցին։

«Իմ պաշտոնավարման ընթացքում, երբ ձևավորվում էր Ռուսաստան-Բելոռուս միությունը, դա իմ օրակարգի հարցը չէր։ Այն, ինչ տեսնում եմ հիմա, իմ մոտ հարցեր է առաջացնում՝ իրոք մենք այս տեմպերով բավարար պետականաշինության ռեսուրս ունե՞նք Հայաստանում», — ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանլով լրագրողնի հարցին, թե ընդդիմության որոշ գործիչներ պատերազմից հետո որպես ծանր վիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը, ինքը նույնպե՞ս այդպես է մտածում։

«Հիմա պատրաստ չեմ այդ հարցին միանշանակ պատասխանել։ Պետք է հասկանանք, թե մեր անկախությունն ինչքանով է վտանգված հիմա և ինչ հեռանկար կա։ Վերլուծության կարիք կա, միգուցե մասնագետների հետ մի կլոր սեղան կանենք և կփորձենք այս հարցի պատասխանները փնտրել։ Զուտ անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք։ Ըստ էության, ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չպաշտպանեց, այլ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ ունի ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանը», — ասաց Ռոբերտ Քոչարյանը։