Հոկտեմբերի 1-ին քովիդի թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ։ Թեեւ առողջապահության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հենց այդ օրվանից, այդուհանդերձ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։

Ինչպես տեղեկացանք, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն իր ենթակայության ներքո գործող դպրոցներին ուղարկել է գրություն, որով մանրամասնում է ԱՆ հրամանի հետ կապված մի շարք հանգամանքներ․

«Ի կատարումն Երեւանի քաղաքապետի՝ 28.09.2021թ. N21/122854 հանձնարարականի՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն եւ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N 65-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) պահանջները, մասնավորաբար՝ կազմակերպել.

1. չպատվաստված աշխատողների կողմից յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացումը եւ Հրամանով հաստատված գրանցամատյանի վարումը (Ձեւ 4),

2. աշխատողի ամբողջական կամ մեկ դեղաչափով պատվաստումը հավաստող սերտիֆիկատի (տեղեկանք) տվյալների գրանցումը Հրամանով սահմանված գրանցամատյանում (Ձեւ 5) եւ սերտիֆիկատի (տեղեկանք) պատճենի կցումը աշխատողի անձնական գործին:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել ներքին կարգապահական կանոններում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ հստակ սահմանելով դրույթ այն մասին, որ կարգապահական խախտում է համարվում Հրամանով սահմանված պահանջները չկատարելը»: