Ես չեմ կարող գնահատել՝ հակաիրանական գործընթացի մեջ այս պահին ՀՀ իշխանությունը ներքաշվել է, թե ոչ, բայց մի բան ակնհայտ է, որ այս իշխանությունն անընհատ ներքաշված է ինչ-որ բաների մեջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Իրանից ստացվում են արձագանքներ, որ Հայաստանի իշխանությունը ներքաշվել է թուրք-ամերիկյան ինչ-որ ծրագրի մեջ:

«Այդ ինչ-որ բաները շատ քիչ առնչություն ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի հետ: Իրենք իրենց այնպես են պահել, որ կա վստահություն, որ սրանց կարելի է քթից բռնած տանել այստեղ, այնտեղ, ներքաշել տարբեր պրոցեսների մեջ: Այդ վստահությունը չկա իրանական իշխանության մոտ, որ այս իշխանությունը հերթական անգամ չի ներքաշվել ինչ-որ գործընթացների մեջ: Բայց որ Իրանի նկատմամբ կա նաեւ ԱՄՆ-ի կողմից բավական ակտիվ մեկուսացնելու ջանքեր, սա բոլորս գիտենք: Հիմա իրենք այդպես են գնահատում այս վիճակը:

Արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ շատ դեպքում ընկալումն ավելի կարեւոր է, քան իրականությունն ինչ է:  Ընկալումն է բերում գործողությունների քո երկրի դեմ ուղղված: Գնահատումը հետո է լինում,  փորձում են հասկանալ՝ իրոք այդպես էր, թե ոչ: Շատ վատ է, որ այդ ընկալումը իրանական կողմն ունի: Մեկ հայտարարությամբ այդ ընկալումը չես վերացնելու: Ընկալումը ձեւավորվել է քո վարքագծի պատճառով այս երեք տարվա ընթացքում, նաեւ մինչ այդ քո նախկին աշխատանքում: Դու երբեք իրանամետ  ընդգծված վերաբերմունք չես ունեցել»,-ասաց նա: