Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվայի վարչապետը կարեւորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս եւ վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը: Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը եւ նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին: Տիկին Շիմոնիտեն հիացմունքով է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին եւ ընդգծել դրանց ժողովրդավարական սկզբունքներին եւ բարձր չափանիշներին համապատասախանության փաստը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ստացել է ժողովրդի լիարժեք մանդատը` ավելի լայն թափով առաջ մղելու բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-լիտվական առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը եւ Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Վարչապետը նշել է երկու երկրների գործարարների միջեւ կապերի ընդլայնմանը միտված ծրագրերը եւ համոզմունք հայտնել, որ Երեւանի եւ Վիլնյուսի միջեւ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում ընդլայնման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել լիտվական կողմին մեր երկրին կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրելու համար եւ նշել, որ միայն համատեղ ջանքերով կլինի արդյունավետ պայքարել համավարակի դեմ: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը եւ հավելել, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացների վերաբերյալ եւ կարեւորել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Հանդիպման արդյունքներով վարչապետեր Փաշինյանի եւ Շիմոնիտեի ներկայությամբ Հայաստանի եւ Լիտվայի առողջապահության նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը: