ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Այսօր հաճախ հետևյալ հարցն է հնչում․
Ինչպե՞ս պատահեց, որ 2018-ի ապրիլից մինչև 2020-ի հուլիս-օգոստոսի «ոչմիթիզականը», «գելխեղդը», «տարածաշրջանում անվտանգություն պարտադրող հզոր գերագույն հրամանատարը», ով տավուշյան լոկալ մարտերը ներկայացրեց որպես հայոց բանակի անպարտելիության և մարտունակության թարմ ապացույց (հիշենք Սարդարապատի աննախադեպ պարգևատրում/միջոցառումը), ընդամենը 1 տարի անց դարձավ ամեն գնով խաղաղություն մուրացողով, ով հանուն այդ «խաղաղության» պատրաստ է զիջել հայրենիքից այնքան, ինչքան կպահանջեն հարևան պետությունները…

Կարծիքս փորձեմ հնարավորինս հակիրճ և մատչելի ներկայացնել.

Ժամանակին լինելով առաջին նախագահի քաղաքական թիմակից և գաղափարակից, մասնակցելով ընտրական տարբեր գործընթացների՝ վերջնականապես համոզվել էր, որ երբ ուղիղ խոսքով առաջարկում ես հանրությանը նման զիջումներով հասնել խաղաղության, պարտվում ես ընտրություններում՝ հավաքելով լավագույնը 1.5%-2% ձայն( տես ՀԱԿ-ի հավաքած ձայների քանակը՝ այդ թվում վերջին ընտրություններին…): Իսկ քանի որ այդ անձի ամբողջ կյանքի միակ երազանքն եղել է իշխանությունը, գնաց այլ ճանապարհով.

Հստակ մշակված քաղ. տեխնոլոգիաների կիրառմամբ խաբեցին հանրությանը՝ անձին ներկայացնելով որպես ազգի անզիջում, ոչմիթիզական, սկզբունքային,հերոս առաջնորդ (միայն խոսքով իհարկե), իրականացվեց այն, ինչին ականատես ենք լինում վերջին 3 տարվա ընթացքում՝ ազգի պառակտում(նույնիսկ ընտանիքների…), բոլոր արժեքների հեղինակազրկում(եկեղեցի, զինվորականություն, գիտական համայնք, տարբեր բնագավառների հեղինակություն ունեցող մարդիկ…), և իհարկե, խայտառակ պարտության կազմակերպում:

Արդյունքում վախ և հուսահատություն ներարկվեց բնակչության մեջ՝ փակելով նոր հնարավոր պատերազմում վերջինիս մասնակցության/դիմադրության ցանկությունը. այդ ամենն իրականացնելուց հետո պարարտ հող առաջացավ կործանարար զիջումներն իրականացնելու և այսպես կոչված «խաղաղության» դարաշրջան բերելու համար՝ այդ ողջ ընթացքում չտեսավարի վայելելով իշխանության տված բոլոր բարիքները, հենց ինչի համար էլ ժամանակին այս ամենն իրականացնելու համաձայնություն էր տվել շատ ավելի մեծ ուժերի»։