Պապի շվեյցարական գվարդիայի երեք զինծառայող հրաժարվել է շարունակել ծառայությունը Վատիկան քաղաք-պետությունում, որպեսզի պարտադիր պատվաստում չստանա COVID-19-ի դեմ, լրագրողներին տեղեկացրել է աշխարհում ամենափոքրաթիվ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ուրս Բրայթենմոզերը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա նաեւ ասել է, որ երեք այլ շվեյցարացի գվարդիական, որոնք մինչեւ այժմ նույնպես պատվաստված չեն եղել կորոնավիրուսի դեմ, ժամանակավորապես հեռացվել են ծառայությունից մինչեւ պատվաստման ամբողջ չափաքանակը ստանալը։

Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինի հատուկ դեկրետով ավելի վաղ սահմանվել էր, որ Սուրբ աթոռի բոլոր աշխատակիցները հոկտեմբերի 1-ից պետք է ունենան սահմանված նմուշի COVID-վկայական՝ քաղաք-պետության տարածք մուտքի իրավունք ունենալու եւ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար։

Շվեյցարական գվարդիայի զինծառայողների համար դա նշանակում էր պարտադիր պատվաստում, քանի որ նրանք մշտապես գտնվում են Հռոմի պապի հետ սերտ շփման մեջ։ «Այս միջոցը համապատասխանում է այն որոշումներին, որոնք ընդունվել են այլ երկրների զինված ուժերում»,- այս առնչությամբ ասել է Բրայթենմոզերը։

Համավարակի ընթացքում պապական գվարդիայում քանիցս հայտնաբերվել են COVID-19-ով վարակման դեպքեր։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վատիկանում սկսվել է հունվարի 13-ին, երբ պատվաստվեց հովվապետի հպատակների եւ Սուրբ աթոռի աշխատակիցների առաջին խումբը։ Հաջորդ օրը Վատիկանը հայտարարեց, որ Ֆրանցիսկոս պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Օգոստոսին քահանայապետը ստացավ COVID-վկայական։