Գյումրիում  հոկտեմբերի 17-ին սպասվող ընտրությունները խոստանում են լինել բավականին թեժ։ Ինչպես հայտնի է ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ։ Քարոզարշավը չնայած պաշտոնապես մեկնարկած է, բայց ընտրական գործընթացին մասնակցող ուժերը դասական առումով քարոզարշավ չեն իրականացնում։ Միայն քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել ընտրական պաստառներ։ Այս հարցում առավել ակտիվ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Բալասանյան» դաշինքը։

Քաղաքի գրեթե բոլոր բանուկ խաչմերուկներում, տեսանելի վայրերում, կանգառներում Շիրակի բանակում չծառայած, պատերազմը տանուլ տված թիմի ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի լայն ժպիտով լուսանկարն է «Ապագա կա» կարգախոսով։ Կողքին էլ «Բալասանյան» դաշինքի թեկնածուի պաստառն է։

Մյուս թեկնածուների պաստառներն էլ կան, բայց ավելի քիչ։

Հիմա վերադառնանք չիրականացվող քարոզարշավին, որը միայն առաջին հայացքից է պասիվ։ Իրականում իշխանությունն ու քաղաքային իշխանությունը այլ տակտիկա են որդեգրել։

Ակտիվ հանդիպումների, քաղաքացիների հետ շփումներ ունենալու փոխարեն և ՔՊ-ականները և գործող քաղաքապետի թիմակիցները զբաղված են ստվերային գործունեությամբ։ Ինչպես են այն իրականացնում։ Ընտրական գործընթացում երկուսն էլ կիրառում են «նախկինների» փորձը, ներգրավում են թաղային հեղինակություններին, ձայներ բերողներին, անգամ քրեական տարրերի։

Ինչպես հայտնի է ՔՊ-ի թեկնածու, Շիրակի մարզպետը Գյումրիում հեղինակություն չէ, և անգամ վարչական ռեսուրսի չարաշահմամբ բացարձակ մեծամասնություն ձևավորել չի կարող, հետևաբար ՔՊ-ան որոշել է շեղվել դասական քարոզարշավից և օգտվել «տասովչիկների» ծառայությունից։ Բացի այդ կենտրոնական իշխանությունում գիտեն, որ ՔՊ-ի ավագանու ցուցակը միատարր չէ։ Անգամ ցուցակը կազմելիս այն երեք մասի են բաժանել։ Ակտիվ դերակատարություն էլ այս հարցում ունեցել է ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով եղբորն ու ընկերուհիներին ցուցակի անցողիկ տեղերում է ներառել։ Ցուցակի կազմանը մասնակցել է նաև նախկին մարզպետ, ներկայիս ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը։ ՔՊ-ի ցուցակի որոշ անդամներ Սարուխանյանի մտերիմներից են։

Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքին տված հարցազրույցում Հովհաննես Հարությունյանը, ինչպես ընդունված  է ասել լկտի սուտ է ասել, պնդելով, թե ցուցակն ինքն անձամբ է կազմել։

Իշխանությունը մեկ այլ միջոց էլ է փորձում կիրառել։ Խոսքը մանկավարժների, այս դեպքում նախկին ՀՀԿ-ականների միջոցով ձայներ հավաքագրելն է։ Irakanum.am-ը տեղեկացրել էր, ՔՊ-ն իր նախընտրական ցուցակը ներկայացնելիս «Հոկտեմբեր» կինոթատրոն բերել էր Գյումրու մի շարք դպրոցների ներկայացուցիչների։ Այս գործընթացը կազմակերպել և համակարգել է կարկառուն ՀՀԿ-ական, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Կարծես, թե այսքանով գործող իշխանությունը պետք է սահմանափակվեր, բայց տարեցտարի կատարելագործվում են, գերազանցելով անգամ նախկիններին։ Հասկանում են, որ առանց փողի էլ գործը գլուխ չի գա, հետևաբար որոշել են փող տրամադրելու գործընթացն էլ «օրինականացնեն»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քաղաքացիներին շահագրգռելու համար ՔՊ-ականները նրանց առաջարկում են ընտրություններում հանդես գալ որպես վստահված անձ, դրա դիմաց համապատասխան վճար ստանալով։ Իշխանությունը կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում է Գյումրիում հաջողության հասնել։ Նրան այս հարցում անշուշտ օգնում է «Բալասանյան» դաշինքը։ Ի դեպ Գյումրու քաղաքապետարանը վերջիններս վերածել են նախընտրական շտաբի։

Ու  որքան էլ մարզպետ Հարությունյանը հերքի իրենց կապը, Գյումրին փոքր քաղաք է, այստեղ յուրաքանչյուր ոք գիտի, թե ով, ինչպես ու երբ հանդիպում ունեցավ այս կամ այն անձի հետ։

Ի դեպ Հովհաննես Հարությունյանը անդրադառնալով ՔՊ-ի ու «Բալասանյան» դաշինքի միջև ստվերային պայմանավորվածության մասին խոսակցություններին, դրանք ծիծաղելի էր համարել, հայտարարելով, թե դաշինքը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ համեմատության մեջ մտնի իրենց հետ։

Այս հայտարարությունը կարելի էր լուրջ համարել, եթե այն իրապես ճիշտ լիներ։

Գյումրին ու գյումրեցին պետք է հստակ իմանա, քաղաքական այս ուժերը գործում են միասին, նրանցից յուրաքանչյուրի ընտրվելը վտանգավոր է քաղաքի համար, ու կապ չունի, որ հիմա հեռակա միամյանց «նեղում են», մեկ- մեկ էլ հաց ու պանիր ուտել խորհուրդ տալիս։

Իշխանության ծրագիրը հնարավոր է «վիժեցնել», պարզապես մերժելով այս ուժերին ձայն տալով։ Փաշինյանը սիրում էր ասել, ընտրողը դու ես, քեզանից է կախված գործընթացի բեկումը, այդ մեկը դու ես։ Յուրաքանչյուր գյումրեցի պետք է քաջ գիտակցի հենց իր քվեից է կախված իր ապագան, իրական ու արժանապատիվ, ոչ այնպիսին ինչպիսին առաջարկում է իշխանությունն ու Բալասանյանի  գործը շարունակողները։

Irakanum.am