Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաեւ այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:

Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է խորհրդարանների դերի մասին երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում: Երկուստեք կարեւորվել է նաեւ արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: