Հոկտեմբերի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման ախատանքները:  Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:

Հրշեջները  իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն  ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը  հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև  նրա ВАЗ 2101  մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործոթյունը բացահայտելու, այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու  ուղղությամբ: