Շիրակի գործող մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանը նախընտրական քարոզարավն իրականացնում է վարչական ռեսուրս չարաշահելով, դիմելով թաղային «տասովչիկների» օգնությանը։ Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ ՔՊ-ն անգամ կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելու համար «բերման» էր ենթարկել մի շարք դպրոցների ներկայացուցիչների ու մարզպետարանի աշխատակիցների։

Մինչ այդ կուսակցությունը քարոզարշավն այլ «ձևաչափով» էր իրականացնում, ինչին մանրամասն մենք կանդրադառնանք հաջորդիվ։

Հիմա մեկ այլ փաստի մասին։ ՔՊ-ականներն այսօր տարածում էին իրենց քաղաքապետի թեկնածուի՝ Գյումրիում նախատեսված հանդիպումների օրակարգը։ Առաջին հայացքից դրանում որեւէ խնդիր չէր կարող լինել, եթե չպարզվեր, որ քաղաքապետի թեկնածու, մարզպետ Հարությունյանն արդեն իսկ կանխորոշել է հանդիպումների բազմամարդությունը։ Օրինակ ժամը 15:00 նախատեսել էին մարդաշատ թաղամասային հանդիպում 13-րդ դպրոցի դիմաց։ Բայց «մարդաշատությամբ» չբավարարվելով հաջորդ հանդիպումն էլ կանխատասել էին խոշոր։ Բարեբախտաբար մարզպետի հանդիպումների գրաֆիկը գերհագեցած չի եղել, հակառակ դեպքում խոշոր հանդիպմանն էլ կարող է հաջորդեր մեգա հանդիպումը ու այդպես շարունակ։

Բայց ինչպես է մարզպետը, կամ հանդիպումների գրաֆիկը գծողները գուշակել, որ այն լինելու է մարդաշատ։ Միանգամից բացառեք Հովհաննես Հարությունյանի գուշակությամբ զբաղվելու հանգամանքը, որովհետև նրան ճանաչողներն էլ են ասում, որ մարզպետի մոտ այդ տաղանդը ևս բացակայում է, հետեւաբար չկայացած հանդիպումներին մարդաշատ ու խոշոր որակումներ տալն ունի մեկ բացատրություն, նախապես ցուցակագրել են մարդկանց, որոնք էլ պետք է ապահովեն հանդիպումների բազմամարդ լինելը։ Իսկ դա արել են հոդվածում հիշատակած «տասովչիկներըն» ու ոչ միայն։

Հույս հայտնենք, որ նույն «գուշակությունների» վրա հիմնված չէ նաև ՔՊ-ականների «ապագա կա» կարգախոսը։

Irakanum.am