Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառակության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: