Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ցանկացած պահի, երբ վերջինս պատրաստ կլինի այդ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես պատրաստ եմ հանդիպել և այս առումով արդեն իսկ իմ դիրքորոշումը հայտնել եմ: Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ես նույնպես պատրաստ եմ: Մենք ունեցել ենք հանդիպում, որ անցկացվել է այս տարեսկզբին՝ եռակողմ ձևաչափով: Այն կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ վերջինս պատրաստ կլինի: Այս կերպ, ես պատրաստ եմ քննարկումների ու կարծում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ այն բանի, որ պատերազմն ավարտվել է, և այդ էջը թերթված է»,- ասել է նա:

Հիշեցնենք, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը: