Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելու համար նոր խոչընդոտ է առաջացրել: Որոտանի հատվածով երթևեկությունը սահմանափակել են, դարձրել են ժամը մեկ: Եթե նախկինում ազատ երթևեկություն էր, հետո սահմանափակվեց երթևեկությունը միայն ռուսների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ, հիմա էլ կոնկրետ ժամ մեկ են թողնում մեքենաներին շարժվել:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս առումով ոչինչ չի կարողանում անել:

Քաղաքապետի հաղորդմամբ՝Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը նվազել է, փոխարենը երթևեկությունը ծանրացել է է Կապան-Տաթև ճանապարհին, նույնիսկ մեծ բեռնատարներն են սկսել այդ ճանապարհով գնալ, թեև բեռնատարների համար այդ ճանապարհը դժվարանցանելի է:
Գևորգ Փարսյանի խոսքով՝Որոտանի հատվածում ադրբեջանցիները նույն ռեժիմով շարունակում են իրանցի վարորդներից գումար պահանջել:

Իսկ թե արդյոք մտավախություն չկա, որ բնակիչները հնարավոր է ադրբեջանցիների սադրանքների և ճնշման ներքո լքեն իրենց բնակավայրերը, Գևորգ Փարսյանն ասաց.

«Հասարակության շրջանում վախ չկա, բայց անհանգստության մթնոլորտ կա: Քանի որ անորոշության մթնոլորտ է, մարդիկ չեն իմանում, թե իրենց վաղվա օրը ինչ կլինի: Մտավախությունը միշտ էլ կա, որ հնարավոր է բնակիչները լքեն իրենց բնակավայրերը, բայց, նկատի ունենալով, որ օրինակ Կապանում, Քաջարանում՝ համեմատած Հայաստանի մյուս բնակավայրերի, սոցիալական վիճակը ավելի լավ է, նպաստում է , որ մարդիկ չեն լքում իրենց բնակավայրերը»,-ասաց Գևորգ Փարսյանը: