Ֆրանսիացի քննիչները հաստատել են, որ Pegasus լրտեսական ծրագիրը հայտնաբերվել է երեք լրագրողների, այդ թվում ՝ France 24 միջազգային հեռուստաալիքի ավագ աշխատակցի հեռախոսներում: Սա առաջին դեպքն է, երբ անկախ և պաշտոնական մարմինը հաստատել է Pegasus ծրագրի օգտագործումը։

Փարիզում հիմնված Forbidden Stories ոչ առևտրային մեդիա կազմակերպությունը և Amnesty International-ը ի սկզբանե ունեցել են 50 000 համարներից բաղկացած ցուցակի արտահոսքի հասանելիություն։ Ենթադրվում է, որ դրանք նույնականացվել են որպես իսրայելական NSO Group ընկերության հաճախորդների համար 2016 թվականից հետաքրքրություն ներկայացնող մարդկանց հեռախոսահամարներ և հասանելիությամբ կիսվել են իրենց մեդիա գործընկերների հետ:

Ֆրանսիայի տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությունը (ANSSI) հայտնաբերել է լրտեսական խմբի կողմից լրագրողի բջջայինը կոտրելու դեպք և իր եզրակացությունները փոխանցել է Փարիզի դատախազություն։

Գործակալությունը ծրագիրը հայտնաբերել է նաև ֆրանսիական Mediapart-ի կայքի հետաքննող լրագրող Լենայգ Բրեդի եւ կայքի տնօրեն Էդվի Պլենելի բջջայինում։ Forbidden Stories-ը կարծում է, որ աշխարհում առնվազն 180 լրագրող կարող է հետաքրքրություն ներկայացնող անձ լինել։

France 24-ի աղբյուրը հայտնել է, որ հեռուստաընկերությունը շոկի մեջ է եղել ՝ հայտնաբերելով, որ աշխատակիցներից մեկին հետևել են։

«Մենք ապշած ու զայրացած ենք, որ լրագրողները կարող են դառնալ լրտեսության օբյեկտ։ Մենք դա այդպես չենք թողնի, դատական հայց կներկայացնենք»,- ասել է աղբյուրը։

Le Monde-ը հայտնել է, որ Փարիզում գտնվող France 24-ի լրագրողը ընտրվել է որպես թիրախ։ Ոստիկանության փորձագետները հայտնաբերել են, որ լրտեսական ծրագիրը լրագրողի հեռախոսի մեջ օգտագործվել է երեք անգամ՝ 2019 թվականի մայիսին, 2020 թվականի սեպտեմբերին և 2021 թվականի հունվարին։

Ֆրանսիացի քաղաքական գործիչները շոկի մեջ էին այն բանից հետո, երբ արտահոսած տվյալներում հայտնվել են նախագահ Էմանուել Մակրոնի, նախկին վարչապետի և 14 գործող նախարարների, այդ թվում ՝ արդարադատության եւ արտաքին գործերի նախարարների բջջային հեռախոսահամարները։

NSO-ն հայտարարել է, որ Մակրոնը երբեք չի եղել իր հաճախորդներից որևէ մեկի թիրախը, ինչը նշանակում է, որ ընկերությունը հերքում է, որ նրան հետևել են Pegasus-ի միջոցով: Ընկերությունը հավելել է, որ այն փաստը, որ ցուցակում հայտնվել է հեռախոսահամարը, չի նշում, թե դա ընտրվել է Pegasus-ի միջոցով դիտարկման համար։

Մակրոնը կտրականապես հերքել և դատապարտել է մեղադրանքները, դրանք որակել անհիմն և կեղծ պնդումներ, թե օգտագործել են Pegasus-ը բարձրաստիճան միջազգային գործիչներին հետևելու համար:

Լրագրողները բավական մտահոգված են, քանի որ իրենց աղբյուրները կարող են վտանգվել, ինչն էլ վտանգում է ոչ միայն իրենց անձնական կյանքի, նաև մամուլի ազատությունը։

Երբ անցյալ ամիս լրտեսական ծրագրի մասին լուրեր հայտնվեցին, Մակրոնը հրամայեց մի քանի հետաքննություն անցկացնել։ Ֆրանսիայի վարչապետը խոստացավ լույս սփռել այդ բացահայտումների վրա:

Անցյալ ամիս էլ Իսրայելում NSO գրասենյակներում քննություններ են իրականացրել։

Pegasus-ը հաքերային կամ լրտեսական ծրագիր է, որը վաճառվում է տարբեր երկրների կառավարություններին NSO Group-ի կողմից: Վնասակար ծրագիրը կարող է վարակել iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող միլիարդավոր հեռախոսներ։ Սա թույլ է տալիս հետևել հաղորդագրություններին, լուսանկարներին, գաղտնալսել հեռախոսազանգերը։

Հավելենք, որ հայկական լրատվամիջոցները եւս տեղեկություն տարածեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել համակարգը։

Հետաքննությունը ենթադրում է, որ Pegasus-ը լայնորեն տարածված է և շարունակ չարաշահվում է, իսկ NSO-ն հայտնում է, թե այն նախատեսված է միայն հանցագործների և ահաբեկիչների դեմ օգտագործելու համար:Մինչդեռ այն օգտագործվում է քաղաքական գործիչներին ու լրագրողներին հետեւելու համար։