Առողջապահության նախարարությանը մինչ օրս չի հաջողվել պարզաբանել, թե ի՞նչ գիտական հիմնավորումներով  է տևական ժամանակ պարտադրվել նախադպրոցական տարիքի՝ 1-6 տարեկան, կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ չունեցող երեխաներին ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ հետազոտության թեստ հանձնել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը։ Վերջինս, նախքան սեպտեմբերի 6–ին կատարված օրենսդրական փոփոխությունը, որով այլևս չի պարտադրվում այս տարիքի երեխաներին ՊՌՇ թեստ հանձնել, փաստաբանական հարցումներ էր ուղարկել Առողջապահության նախարարությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Սերտիֆիկատի բացակայության դեպքում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը, որն իրականացվում է ժամանող անձի հաշվին: Մինչև սեպտեմբերի 6–ը՝ նշված որոշումը չի տարածվել միայն մինչև 1 տարեկան երեխաների համար, իսկ 1-6 տարեկան հազարավոր երեխաների պարտադիր թեստավարման համար ծնողները ստիպած են եղել վճարել նույնքան՝ 15.000 դրամ գումար։ 2021թ. սեպտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ այլևս չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը, նախքան որոշման մեջ կատարված փոփոխությունը գրավոր հարցմամբ դիմել էր նախարարությանը՝ խնդրելով հայտնել, թե Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս, ինչպիսի՞ բժշկական և էպիդեմիոլոգիական հիմքեր կան նախադպրոցական տարիքի երեխաներին ՊՇՌ հետազոտության թեստ անցկացնելու համար:

«Օրինակ, բժշկական համակարգով զարգացած այլ երկրներից՝ Գերմանիայում չեն թեստավորվում մինչև 6, Անգլիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ մինչև 12, Ավստրալիայում՝ մինչև 5 տարեկան երեխաները»,– օգոստոսի 18–ին թվագրված հարցման մեջ նշել է փաստաբանը՝ միաժամանակ խնդրելով հայտնել, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաները ՀՀ սահմանակետերում՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում տեղակայված նմուշառման կետերում, ՊՇՌ թեստ հանձնելիս չեն օգտվում պետպատվերի հնարավորությունից, և փաստորեն, նշված նմուշառման կետերում երեխաների համար ՊՇՌ հետազոտությունը վճարովի է՝ 15.000 ՀՀ դրամ։

Նախարարությունից, սակայն չեն հիմնավորել 1-6 տարեկան երեխաների թեստավորման անհրաժեշտությունը, փոխարենը հայտնել են, որ նոր գիտական հիմնավորումներ ի հայտ գալուն համահունչ կքննարկվի նաև ՊՌՇ հետազոտության սերտիֆիկատի առկայության պահանջի տարիքային շեմի փոփոխության հարցը։ Իսկ ինչ վերաբերվում է պետպատվերի շրջանակներում իրականացվող նմուշառմանն, ապա այս մասով ևս կոնկրետ պատասխան չի տրվել։ Նախարարությունն ընդամենը հղում է կատարել առողջապահության նախարարի՝ 2020թ. հունվարի 31–ի թիվ 336- Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին, որում սակայն որևէ տեղեկություն չկա ՀՀ սահման մուտք գործելիս նախադպրոցական տարիքի երեխաներին  պարտադրվող ՊՌՇ թեստավորման, դրա համար սահմանված կամայական գների, կամ սահմանային անցակետերում տեղակայված լաբորատորիաներում պետպատվերով ՊՌՇ հետազոտության ենթարկվելու հնարավորության մասին։

Ստեփան Ոսկանյանը սեպտեմբերի 6–ի փոփոխությունից հետո ևս դիմել է նախարարությանը։ Մասնավորապես սեպտեմբերի 22–ին ուղարկված հարցմամբ՝ փաստաբանը հետաքրքրվել է, թե ինչու՞ և ի՞նչ հիմքով, մինչև որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելը, ՀՀ քաղաքացի հանդիսացող 1-6 տարեկան երեխաները, ՀՀ պետական սահմանը հատելիս՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցակետերում տեղակայված նմուշառման կետերում իրենց պարտադրված ՊՇՌ հետազոտության համար չեն օգտվել պետպատվերի հնարավորությունից, և արդյո՞ք միայն սույն թվականի սեպտեմբերի 6-ից հրապարակված և ուժի մեջ մտած ՀՀ կառավարության թիվ 1384-Նորոշմամբ փոփոխություն կատարելը չի ենթադրում մինչև այդ ընկած ժամանակահատվածում /ամառային արձակուրդներ, հանգստի սեզոն/ բնակչության ստվար զանգվածից իրենց նախադպրոցական տարիքի՝ 1-6 տարեկան երեխաների ՊՇՌ հետազոտության համար անհիմն են գումարներ բռնագանձվել։

Ոսկանյանը միաժամանակ խնդրել է պարզաբանել, թե գիտական կամ բժշկական ի՞նչ հիմնավորմամբ է պատճառաբանվում 0-ից մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չպահանջելը ներկայիս օրենսդրական փոփոխությամբ: Այս հարցմանը, սակայն մինչ օրս նախարարությունը չի պատասխանել։

Ներկայացված արցուպատասխանից պարզ է դառնում, որ  կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կանխարգելման, դրա դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգմամբ զբաղվող մարմինի գիտությամբ և թողտվությամբ,  ՀՀ պետական սահմանը հատելիս՝ 1-6 տարեկան երեխաներին տևական ժամանակ, առանց որևէ գիտական հիմնավորման պարտադրվել է վճարովի ՊՌՇ թեստ հանձնել, ինչի արդյունքում մասնավոր լաբորատորիաները ահռելի եկամուտներ են ստացել, իսկ հազարավոր ընտանիքներ կրել են նյութական վնասներ։ Չի բացառվում, որ որոշման մեջ կատարված փոփոխությունը պայմանավորված լինի փաստաբանի կողմից խնդիրը բարձրաձայնելուց և դրա վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ ստանալու նպատակով ներկայացրած հարցումներով։ Ստեփան Ոսկանյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ չի սահմանափակվելու հարցուպատասխանով, այլ խնդրով շահագրգիռ այլ կառույցների և իրավաբանների հետ նախաձեռնելու է դատական գործընթաց՝ ընդդեմ առողջապահության նախարարության և կառավարության անհիմն որոշման։