Հայաստանը շատ կարևոր երկիր է Չեխիայի Հանրապետության համար։ Այս մասին հայտարարեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը։

«Չեխիայի Հանրապետությունը գնահատում է այն առաջընթացը, որն իրականացվել է Հայաստանում 2018թ.-ից ի վեր։ Փոխադարձ շահավետ բիզնես համագործակցությունը ստեղծում է շոշափելի հենք մեր երկկողմանի հարաբերությունների համար։ Մինչդեռ կա չիրացված ներուժ, որ խթանվեն մեր տնտեսական հարաբերությունները։ Ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար՝ ուղեկցելով տասնյակ չեխական ընկերությունների։ Առավոտյան պատիվ ունեցա բացելու չեխ-հայկական բիզնես համաժողովը»,-ասաց Յակուբ Կուլհանեկը։

Չեխիայի արտաքին գործերի նախարարն իր ցավակցությունը հայտնեց պատերազմի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին, և ասաց, որ մտադրված են հոգեբանական օգնություն տրամադրել նրանց, որոնց վրա ազդեցություն է ունեցել պատերազմը։

«Չեխիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին։ Ողջունում ենք վերջերս կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,-ասաց Չեխիայի ԱԳ նախարարը։