Երկար տարաձայնություններից հետո ճապոնական արքայադուստր Մակոն այս ամիս կամուսնանա, սակայն նա կհրաժարվի ավանդական ծեսերից եւ այն գումարից, որը վճարվում է հասարակ մարդկանց հետ ամուսնացող թագավորական ընտանիքի անդամներին, հաղորդում է AFP-ն:

Imperial Household Agency-ն հայտնել է, որ արքայադուստր Մակոն` կայսր Նարուհիտոյի զարմուհին, հոկտեմբերի 26-ին կամուսնանա Կեյ Կոմուրոյի հետ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

 

Հաղորդվում էր, որ 29-ամյա արքայադուստրը տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ` իր ամուսնության մասին լրատվամիջոցների լուսաբանման պատճառով:

Ճապոնական կայսրության իրավահաջորդության կանոնների համաձայն` Մակոն հարսանիքից հետո կկորցնի իր տիտղոսը:

Նրա փեսացուն մանրազնին ստուգման է ենթարկվում այն պնդումների կապակցությամբ, որ իր մայրը գումար է վերցրել եւ չի վերադարձել: Զույգը հետաձգել էր հարսանիքը, եւ Կոմուրոն տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ` իրավաբանական դպրոց հաճախելու համար, ինչը շատերը որպես բացասական ուշադրությունը թուլացնելու փորձ էին որակել:

Գահաժառանգ արքայազն Աքիշինոն անցյալ տարի ասել էր, որ կողմ է իր դստեր ամուսնությանը, սակայն նա պետք է հասնի հասարակության «ըմբռնմանը»:

Սակայն զույգը, կարծես, որոշել է, որ բավական երկար է սպասել է, եւ այժմ սպասվում է, որ հարսանիքից հետո կտեղափոխվի Նյու Յորք:

Կոմուրոն այս շաբաթվա սկզբին վերադարձել էր Ճապոնիա:

Մակոն թագավորական ընտանիքի առաջին անդամը կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ով հրաժարվել է ավանդական ամուսնության արարողություններից եւ մինչեւ 1.3 միլիոն դոլար վճարից:

Մակոն 15-ամյա արքայազն Հիսահիտոյի քույրն է, ով ներկայումս միակ օրինական գահաժառանգն է, իր հորից բացի: