Կառավարությունը նախատեսում  է հաջորդ տարվա պետական բյուջեում եկամուտներն ավելացնել գրեթե 30 տոկոսով, ծախսային մասը՝ ավելի քան 18 տոկոսով, ինչը, տնտեսագետների համոզմամբ, ոչ միայն խիստ լավատեսական բյուջե է, այլեւ իրատեսական չէ։

Պետական բյուջեն երկրի առաջնահերթություններն ամրագրող և զարգացման հեռանկարը նախանշող գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, որի մշակումը և իրականացումը հիմնարար նշանակություն ունի։

Կառավարության նիստում հաստատվեց և Ազգային ժողով ներկայացվեց 2022 թվականի պետականի բյուջեի նախագիծը։ Հաշիվ առնելով նախորդ տարիների դինամիկան՝ 2022 թվականիբյուջեով բարձր նշաձող է սահմանվել, որի հիմքերը 2020-2021 թվականների ընթացքում չեն դրվել։ Այնուամենայնիվ, ըստ ՀՀ կառավարության՝  հաջորդ տարվա ընթացքում 2,18 տրիլիոն դրամի ծախս է կատարվելու, որը 2020 թվականի պլանային ծախսային բյուջեից ավելի է 18,2 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ գործող իշխանությունները չեն կարողացել կատարել 2020 թվականի պետական բյուջեի ծախսային ցուցանիշները, մասնավորապես՝ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13.4 տոկոսով, ընթացիկ ծախսերը՝ 10,2 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 35,7 տոկոսով։

Ուշագրավ է, որ 2022 թվականի ընթացքում իշխանությունները պլանավորել են 28,9 տոկոսով ավելացնել պետական բյուջեի եկամուտները․ դա իրականացվելու է հիմնականում հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման հաշվին։ Ըստ էության՝ կառավարությունը խստացնելու է հարկային վարչարարությունը և հնարավոր է նաև առանձին ուղղություններով ավելացնի հարկային բեռը, քանի որ միայն 7 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում հարկային մուտքերի նման հոսք անհնար է ակնկալել։

Միաժամանակ, 2022 թվականին  նախատեսվում է 29 տոկոսով նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը), ինչը թույլ կտա զսպել վերջին ամիսների ընթացքում պրոգրեսիվ աճող պետական պարտքը։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ 2022 թվականի պետական բյուջեի իրատեսական չէ՝ հաշվի առնելով վերջին տարիների դինամիկան և առկա ներքին ու արտաքին ռիսկերը։