«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝  կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են՝ գործադիրում տպավորություն է ձեւավորվել, որ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի տիրապետում:

Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատրյանի մոտ «խուճապային» տրամադրություններ են, քանի որ վերջինս պետք է առաջիկայում խորհրդարանին ներկայացնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին Խաչատրյանին իր տեղակալները «պատրաստել են», որպեսզի ՀՀ կառավարության նիստին կարճ ներկայացնի բյուջեի նախագիծը, այնուհետեւ կարողանա ԱԺ-ում պատասխանել ընդդիմության հարցերին:

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այս պահը նախարարությունում նախարարի փոխարեն իր «գործն» անում է նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանը, որը փոխնախարար է նշանակվել սույն թվականի օգոստոսից: Վերջինս էլ եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով:

ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս թեժ քննարկում են նախարար Խաչատրյանի՝ այդ ոլորտից անտեղյակության հարցը, քանի որ մինչեւ Խաչատրյանը գրեթե բոլոր նախարարները իրենց գործի «վարպետն» են եղել:

Իսկ հիմա նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու ԱԺ-ում, երբ նախարարը ներկայանա 2022 թվականի պետական բյուջեի կատարողականով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում