Արցախի Հանրապետության Ամարասի հովտում շարունակվում է խաղողի բերքահավաքը: Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում նշվում է, որ հակառակորդի սադրանքների պատճառով ստիպված աշխատանքները դադարումներով են իրականացվել։

«Վերջին օրերին ադրբեջանցի զինվորներն այս ուղղությամբ էին առաջացել ու դիրքավորվել, խաղողի այգուց մի քանի հարյուր մետր հեռավարության վրա։ Ռուս խաղաղապահների միջամտությամբ հակառակորդն ազատել է զբաղեցրած դիրքն ու այգիներում կրկին վերսկսվել է բերքահավաքը»,- ասվում է տեսանյութում։

Խաղողի այգին, որտեղ իրականացվում է բերաքահավաքը, հակառակորդի և հայկական դիրքի արանքում է գտնվում։ Անտեսելով թշնամական հենակետի մոտ լինելը՝  խաղողաքաղի մասնակիցները շարունակում են աշխատանքները ոչ միայն բերքը տուն հասցնելու համար, նաև պատվի հարց են համարում՝ հակառակորդին ի ցույց, որ իրենց պապենական հողերից երբեք հրաժարվողը չեն։