«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ․

2010թ․-ից ի վեր, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը միավորում է ոլորտում աշխատող 11 կազմակերպություն, հոկտեմբերի 1-ը նշում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ Ավելի քան մեկ տասնամյակ մենք աշխատում ենք Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, բռնության ենթարկվածների աջակցության և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Կոալիցիայի համառ պայքարի շնորհիվ 2017թ․ Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը, սակայն, լրջագույն բացեր ունի։ Դեռևս 2019թ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնեց օրենքի բարելավման ու լրամշակման գործընթաց, որն այդպես էլ մնաց անավարտ։

Չնայած օրենքի ընդունմանը՝  կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը խիստ թերի են։ Ավելին, COVID-19 համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները է՛լ  ավելի ակնառու դարձրին կանանց հիմնախնդիրներն ու պետության անբավարար արձագանքը դրանց լուծմանը։ Անհրաժեշտ է, որ պետությունը հստակ քայլեր իրականացնի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային  և ներպետական իրավական կառուցակարգերի վավերացման ու բարելավման ուղղությամբ։

Այս հարցերով հստակ ճանապարհային քարտեզ գծելու նպատակով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ակնկալում է հանդիպում անձամբ Ձեզ հետ՝ մանրամասն քննարկելու առանց բռնության հասարակություն ունենալու հեռանկարին միտված քայլերի հաջորդականությունն ու միասնականությունը»: