Արաբական «Թալիբան» շարժման կողմից նշանակված Քաբուլի համալսարանի նոր ռեկտորը հայտարարել է, որ կանանց այժմ արգելվում է դասավանդել կամ սովորել հաստատությունում, քանի դեռ «իսկական իսլամական կարգ» չի հաստատվել, հաղորդում է պակիստանյան AJK հեռուստաալիքը:

«Ձեզ եմ փոխանցում իմ խոսքերը՝ որպես Քաբուլի համալսարանի ռեկտոր: Քանի դեռ բոլորի համար իսկական իսլամական միջավայր չի ապահովվել, կանանց չի թույլատրվի մուտք գործել կամ աշխատել համալսարաններում: Առաջին տեղում՝ Իսլամը»,- հեռուստաալիքը մեջբերում է ռեկտոր Մուհամեդ Աշրաֆ Գայրաթին:

Աֆղանստանի հիմնական բուհի այս քաղաքականությունը համահունչ է 1996-2001 թվականների ընթացքում թալիբների կողմից հաստատված նախկին կանոններին, որոնց համաձայն կանանց թույլ չէին տալիս հասարակական վայրեր մտնել առանց տղամարդու հարազատների ուղեկցությամբ, ծեծի էին ենթարկում անհնազանդության համար եւ թույլ չէին տալիս կրթություն ստանալ:

Այս ամսվա սկզբին նոր կառավարությունը հայտարարել էր, որ Աֆղանստանում ուսանողուհիները կարող են սովորել համալսարաններում, բայց՝ արական սեռի ուսանողներից առանձին եւ «կանանց համար մահմեդական հագուստով»:

Մուհամեդ Աշրաֆ Գայրաթը սեպտեմբերի 22-ին դարձավ Քաբուլի ամենամեծ համալսարանի ղեկավարը՝ փոխարինելով պրոֆեսոր Մուհամեդ Օսման Բաբուրիին, ով թալիբների կողմից հեռացվել էր պաշտոնից: Ավելի վաղ «Թալիբան»-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ աֆղանական կրթության բոլոր ձեռքբերումները կպահպանվեն՝ խոստանալով նաեւ «կրթական համակարգ կառուցել, որը նմանը չի ունենա ամբողջ Ասիայում»: