ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Միացյալ նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանում նշվում է, որ «այդ արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում է և սպառնալիք է ներկայացնում ԿԺԴՀ-ի հարևանների և միջազգային հանրակցության համար»:

«Մենք առաջվա պես հավատարիմ ենք ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը, և նրան երկխոսության կոչ ենք անում», ընդգծել է Պետդեպարտամենտը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային արձակումը չի սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: ԱՄՆ-ը շարունակում է հետևել իրադրությանը: Ինչպես հաղորդել են հարավկորեացի զինվորականները, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան մոտավորապես 06:40-ին (Երևանի ժամանակով 01:40-ին) առնվազն մեկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը:

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական մարմինները վերլուծում են արձակումը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Մինչդեռ ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարությանը, հաղորդում են, որ, ենթադրաբար, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել: Նաև հաղորդվում է, որ արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ է, ապա դա կդառնա երրորդ նման արձակումն այս տարի, ինչպես նաև զենքի վեցերորդ փորձարկումը: Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է փոքր հեռահարության երկու հրթիռների փորձնական արձակում: Դրանից մի քանի օր առաջ Փհենյանն անցկացրել է նոր տեսակի թևավոր հրթիռի փորձարկում: