Սփյուռքի ակտիվ երիտասարդները շարունակում են Հայաստան գալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերով: Մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» մեկամյա ծրագիրը, որին մասնակցում են 16 երկրների 20 սփյուռքահայ ակտիվիստներ: Հովանավորվելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում և Արցախում, ապա կվերադառնան իրենց երկրներ ու մեկ տարի կաշխատեն համայնքներում: Նրանք կկազմակերպեն իրազեկման արշավներ, կպատրաստեն մեդիանյութեր, հայրենադարձության վերաբերյալ հավաքներ, հանդիպումներ և համայնքային քննարկումներ:

Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց սփյուռքը չի դադարում իր աջակցությունը: «Պատերազմը մեզ առերեսեց շատ պարզ մի իրողության. սփյուռքի ինտելեկտուալ, մասնագիտական, ցանցային, համաշխարհային ներուժը պետք է լիարժեքորեն ներգրավվեն հայաստանյան կյանքին»,-պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարը մասնակցել է նաև ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցների և Հայաստանի իրենց գործընկերների համատեղ ջանքերով ստեղծված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների բացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կաճեցնեն տիտանից պրոթեզներ:

Լսողական օգնության ամերիկահայ հիմնադրամն իր հերթին լսողական առողջության վերականգնման անվճար աջակցություն է ցուցաբերելու վերջին պատերազմի ընթացքում վնասվածքներ ստացած զինվորներին: Պատերազմից հետո ամերիկահայ Հելեն Առաքելյանն էլ ժամանել է Հայաստան, որպեսզի ձեռագործ արվեստը սովորեցնի զինվորներին:  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեց նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

 

Հետպատերազմյան շրջանում հայրենադարձների պատմությունները Հայաստանը նորովի կառուցելու լուսավոր օրինակներ են: «Օգնի» պրոթեզավորման հիմնադրամի ղեկավար գերմանահայ Հայկ Բագրատյանն իր հանգստությունը գտել է պատերազմի մասնակիցներին լիարժեք կյանք պարգևելու և նորարար տեխնոլոգիաներով ստեղծված պրոթեզներ տրամադրելու մեջ: Ամերիկահայ բժիշկ, վերջին պատերազմի սպիտակ բանակի մասնակից Արմեն Աբուլյանն ընտանիքի հետ հայրենադարձվել է և շարունակում է վիրահատել վիրավոր զինվորներին: Չի դադարում նաև սփյուռքից եկող հումանիտար օգնությունը: «Շտապիր բարության» հիմնադրամի կամավոր Մարիամ Նազարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան և ամիսներ շարունակ տեղահանված արցախցիներին սնունդ, հագուստ, կենցաղային և այլ պարագաներ է տրամադրում: Սիրիահայ հայրենադարձ, վերջին պատերազմի հերոս Կարո Հովագիմյանի ընտանիքն էլ իր սփոփանքը գտել է որդու անունով հիմնադրամ հիմնելու և հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու մեջ:

Մյուս բոլոր մանրամասները հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/news: