Վարչական դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադի») պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության, որով հայցադիմողը պահանջում էր անվավեր ճանաչել նախարարի՝ 2021թ.–ի մայիսի 4–ի հրամանը, որով կասեցվել էր ԲԿ–ին տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը:

Առողջապահության նախարարությունը դեռ ապրիլի ապրիլի 23-ին էր Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում նիստ հրավիրել ՝ Ընկերությանը տրված բժշկական օգնության եւ սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:

Առողջապահության նախարարը հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը եւ հաշվի առնելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի  գրությունն այն մասին, որ ընկերության կողմից բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն իբր իրականացվում են վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս, 04.05.2021 թվականի թիվ 1607-Ա հրամանով կասեցրել է ԲԿ–ին  տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայցադիմումի մեջ նշել է, որ նախարարության կողմից վիճարկվող ակտում կամ Տեսչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում ապացույցներ ձեռք չեն բերվել եւ որեւէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է բժշկական օգնության եւ սպասարկման վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս:

Ըստ ԲԿ–ի հայցադիմումի՝ Առողջապահության նախարարությունը չի իրականացրել պատշաճ վարչարարություն, այն է՝ զրկել է Ընկերությանը դիրքորոշում ներկայացնելու կամ վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքից: