Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասված է․

«Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմի ընթացքն ու ելքը թե քաղաքական, և թե ռազմական կառավարման մակարդակներում պայմանավորված էին գաղութատեր Ռուսաստանի և, նրա միջոցով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Չնայած սպաների, կամավորների ու զորակոչվածների մեծ մասի և, հատկապես, ազգի սերուցքն ու ապագան ներկայացնող ժամկետային պարտադիր կազմի զինվորների բացառիկ արիությանն ու անձնուրաց դիմադրությանը, պատերազմն ավարտվեց մարդկային ու տարածքային ծանր կորուստներով։ Խոնարհվում ենք մեր զոհված զավակների, եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ, շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին և օր առաջ սպասում ենք գերիների վերադարձին։

Պատերազմի ավարտն արձանագրվեց փաստացի կապիտուլյացիայով, որն էլ իր հերթին, ինչպես հաշվարկված էր, խթանեց Խորհրդային Հայաստանի «իրավահաջորդությունը» որդեգրած ներկայիս Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթաց։ Այս աղետի հիմնական պատճառն այն է, որ 30 տարի շարունակ՝ ԽՍՀՄ լուծարման և Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման գործընթացի մեկնարկի պահից սկսած, մեր երկրում իրականացվում է դավաճանական կառավարում, որի հետևանքով․

1․ պետությունը չի կայացել, վերածվել է Ռուսաստանի կիսագաղութի և ազգային կառավարության փոխարեն նրա ղեկը մինչ օրս գտնվում է Ռուսաստանի աջակցությամբ պետությունը զավթած իրարահաջորդ գաղութային ադմինիստրացիաների ձեռքում, որոնք հանուն իշխանության ազգային շահերի հաշվին սպասարկում են գաղութատիրոջ շահերը,

2․ չի զարգացվել անհրաժեշտ պաշտպանունակություն,

3․ 1988-94 թթ․ ազգային-ազատագրական պայքարով ըստ էության լուծված Արցախի հիմնախնդիրը մտել էր փակուղի,

4․ նման իրավիճակում պատերազմը և պարտությունն անխուսափելի դարձան, երբ վրա հասան վաղուց սպասելի աշխարհաքաղաքական փոփոխությունները։

Խիստ մտահոգիչ է, որ պատերազմից մեկ տարի անց տարածաշրջանում լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլև սպառնում է ահագնացմամբ և ավելի լայնամասշտաբ նոր պատերազմով, մինչդեռ Հայաստանը անվտանգային-պաշտպանական և մնացած բոլոր առումներով բացարձակապես պատրաստ չէ նման սցենարին։

Ազգային աղետի այս գահավիժող ընթացքը կարող ենք հաղթահարել միայն ճիշտ դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, աջակցությամբ ռուս-թուրքական փակուղուց դուրս գալու և Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական ու կենսունակ ազգային պետություն դարձնելու ճանապարհով։

Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք իմաստավորել մեր հազարավոր նահատակների զոհաբերությունը, հետ բերել Արցախը, ինչպես նաև պատասխանատվության կանչել դավադիր ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Հանուն մեր ապրելու իրավունքի և արժանապատվության վերականգնման կոչ ենք անում․ հոկտեմբերի 1-ին, ժամը 18։30-ին եկեք Ազատության հրապարակ՝ միասին մեկնարկելու ազատագրական պայքարի ներկայիս փուլը, որ պետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանի դավաճանական ադմինիստրացիայի հեռացմամբ և ազգային անցումային կառավարության կազմավորմամբ»։