Սեպտեմբերի 27-ին,  44-օրյա պատերազմից մեկ տարի անց,  Երևանի Ավան վարչական շրջանի , Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում  բացվել է 44 օրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտներ Հայկազ Մկրտչյանի, Լևոն Խուրշուդյանի, Գրիգոր Գրիգորյանի և կրտսեր սերժանտ Գառնիկ Գասպարյանի անմար հիշատակը հավերժացնող  անկյուն և  հուշաղբյուր:

Միջոցառմանը հրավիրված էին հերոսացած հայորդիների  ծնողները, ընկերները, ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Ավան վարչական շրջանի կրթության բաժնի պետ  Լիլիթ Ղազարյանը, բարերարները, դպրոցի ուսուցչակական անձնակազմն ու սաները:

Պատվավոր հյուրերի շարքում էին դպրոցի շուրջ 40 շրջանավարտներ, որոնք  նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից են:

Արարատյան Հայրապետական թեմի սբ. Աստվածամայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանին ձեռամբ կատարվեց հոգեհանգստի, փառքի անկյունի ու հուշաղբյուրի օրհնության կարգը:

Նահատակված շրջանավաների հիշատակի անկյուն ստեղծվել է դպրոցի անձնակազմի նախաձեռնությամբ ու ջանքերով: Նրանց աջակցել է դպրոցի նախկին սան Արմեն Առուստամյանը, որին միացել ու իրենց ներդրումն են բերել բարերարներ Սամվել Ապերյանը, Արամ Հովսեփյանը,  Մուշեղ Կարապետյանը:

Դպրոցի տնօրեն Մայա Առուստամյանի խոսքով սա կդառնա է մի սրբատեղի, խոնարհումի  ու փառքի անկյուն, որն ամեն օր  կլինի նոր կրթվող սերնդի աչքի առաջ՝ որպես  հայրենիքին  անմացորդ նվիրումի օրինակ ու պատգամ:

Դպրոցի սաները պիտի ամեն օր տեսնեն հիշեն ու խոնարհվեն նրանց  սխրանքի առջև, որպեսզի տղաների հերոսական պայքարի ընդհատված ուղին շարունակելու ու բոլորիս երազած խաղաղ, բարեկեցիկ, հզոր Հայաստանը կերտելու  ունակ սերունդ դաստիարակվեն;:

Դպրոցի սաները հիշատակի  բեմականացում էին պատրաստել , որից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմ զոհերի hիշատակը:

Միջոցառման ավարտին տնօրեն Մանյա Առուստամյանը հատուկ շնորհակալագրեր հանձնեց հանուն Հայրենիքի նահատակված հերոսների հարազատներին, դպրոցի այն շրջանավարտներին, ովքեր 44-օրյա պատերազմի մասնակից են եղել, նաև նրանց, ովքեր  հիմա էլ շարունակում են զինվորական ծառայությունը։